Skip to content

Բոլորաբերդ (Պռոշաբերդ)

    Բոլորաբերդ (Պռոշաբերդ) ամրոցը գտնվում է Գլաձոր գյուղից 6-7 կմ դեպի հյուսիս: Այն կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում, ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են Պռոշաբերդ: Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բոլորաբերդ (Պռոշաբերդ) ամրոցի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ է, իսկ 1-2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքը։

    Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա։ Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը։ Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում։ Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը։ Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի։ Այդպես էլ անում են։ Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել։ Հողի տակ խոնավություն զգալով՝ փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: