Skip to content

Արջերի քարանձավ

    • Հեռավորությունը Երևանից՝ 122 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 11 կմ

    Արջերի քարանձավ ՝ գտնվում է Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա՝ ծովի մակերևույթից 1655 մ բարձրության վրա: Այն Վայոց ձորի ամենամեծ քարանձավն է, ընդհանուր երկարությունը 3.5 կմ է, որը երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մ: Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալով՝ քարանձավի միջին ջերմաստիճանն է 10,2° C: Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին: Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ: Քարանձավի ներսում բազմաթիվ հսկայական դահլիճներ կան, որոնք իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով անցնել հնարավոր է միայն սողալով: Առանց ուղեկցորդի Արջերի քարանձավ մտնելը վտանգավոր է կյանքի համար:

    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

    Քարանձավում հանդիպում են բարդ արահետներ, նեղ սողանցքներ, որոնք կարիք ունեն հաղթահարման, ինչպես նաև հանդիպում են բազմատեսակ բյուրեղներ և գոյացություններ, որոնց ոչ մի դեպքում չի կարելի դիպչել, առավել ևս պոկել և դուրս բերել, քանի որ կարճ ժամանակում այլ միջավայրում դրանք ուղղակի խամրում են։ Այդ պատճառով քարանձավ մուտք գործելիս պետք է կրել կտորից ձեռնոցներ, քանի որ ձեռքերի յուղի շերտը կարող է վնասել բյուրեղները։ Պարտադիր պայմաններից են նաև սաղավարտն ու լապտերը։  Արգելվում է այցելել քարանձավ միայնակ, ինչպես նաև արգելվում է մասնակցել կլաուստրաֆոբիա, ասթմա, էպիլեպսիա և փակ տարածությունում այլ՝ կյանքի հանդեպ վտանգ առաջացնող առողջական խնդիրներ ունեցող անձանց։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը:

    Հոդվածի նյութերը վերցված են ArmGeo.am կայքեջից