- Հեռավորությունը Երևանից՝ 133 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 11 կմ
Բեզոարյան այծերի դիտակետ Շատինում Բեզոարյան այծերը (այլ կերպ անվանում են քարայծ կամ մորուքավոր այծ), պատկանում են սնամեջ եղջերավորների ընտանիքին, երկկճաղակվոր, լեռնային վայրի այծեր են, որոնք գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Բոլոր այծերը, որպես կանոն, լեռնային կենդանիներ են։ Նրանք խուսափում են հսկայական բաց և հարթ տարածություններից՝ նախընտրելով բնակվել լեռնաշղթաների կտրուկ լանջերին, կիրճերում և դժվարանցանելի լեռներում՝ մեծ բարձրությունների վրա: Լիովին հարմարվել են լեռնային կյանքին. բացառիկ արագությամբ և ճարպկությամբ մագլցում են անհասանելի ժայռերի վրայով։
Տարածված են Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական և Հարավային Ասիայի լեռներում։ ՀՀ-ում տեսակը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Գնիշիկի կիրճը: Առանձին խմբեր պահպանվել են Խուստուփ լեռան վրա, Որոտանի կիրճում, Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:
Այս գեղեցիկ կենդանիներին կարող եք տեսնել Վայոց ձորի լեռնային շատ վայրերում, իսկ ահա Շատին գյուղում հատուկ կառուցվել է դիտարան, որտեղից կարող եք դիտել բեզոարյան այծերին: Երեկոյան ժամերին բեզոարյան այծերն անցնում են դիտակետի դիմացով: Եթե բախտ վիճակվի, կարող եք տեսնել այս կենդանիների ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի խմբեր:
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: