Skip to content

Գնդեվանք

    Գնդեվանք ՝ գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին։ Կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։                                                                                                              Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան։ Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը։ Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք։ Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք։ 1008 թվականին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել։

    1604 թվականին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանք վանական համալիրը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել։ 1691 թվականին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ։ Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։ Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ։ Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով։

    Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը՝ ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: