Skip to content

Մագելի քարանձավ

    • Հեռավորությունը Երևանից՝ 113 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 13 կմ

    Մագելի քարանձավ ՝ գտնվում է Վայոց ձորի Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին։ Այն Վայոց ձորի՝ մեծությամբ երկրորդ քարանձավն է, իսկ առհասարակ Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ: Մագել անունից բացի հայտնի է Մագիլ անունով։ Կոչվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, որը 1980 թվականին որսին հետևելով գտել է քարանձավը։

    Նեոլիթյան ժամանակաշրջանի քարանձավից հայտնաբերվել են քարեդարյան ոսկորներ և քարե գործիքներ, ինչպես նաև IX դարի գտածոներ: Քարե դարում ընդունված է եղել, որ քարանձավը լինի դժվարամատչելի, և մուտքը` նեղ: Մագելի քարանձավ մտնելը հեշտ չէ, մուտքը նույնպես այնքան նեղ է, որ միայն մեկ մարդ կարող է անցնել այնտեղով: Հիմնական պատճառը թշնամիներից պաշտպանվելն է եղել, քանի որ այն հուսալի  ապաստարան է եղել հարձակումներից թաքնվելու համար: Մագելի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր:

    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

    Քարանձավում հանդիպում են բարդ արահետներ, նեղ սողանցքներ, որոնք կարիք ունեն հաղթահարման, ինչպես նաև հանդիպում են բազմատեսակ բյուրեղներ և գոյացություններ, որոնց ոչ մի դեպքում չի կարելի դիպչել, առավել ևս պոկել և դուրս բերել, քանի որ կարճ ժամանակում այլ միջավայրում դրանք ուղղակի խամրում են։ Այդ պատճառով քարանձավ մուտք գործելիս պետք է կրել կտորից ձեռնոցներ, քանի որ ձեռքերի յուղի շերտը կարող է վնասել բյուրեղները։ Պարտադիր պայմաններից են նաև սաղավարտն ու լապտերը։  Արգելվում է այցելել քարանձավ միայնակ, ինչպես նաև արգելվում է մասնակցել կլաուստրաֆոբիա, ասթմա, էպիլեպսիա և փակ տարածությունում այլ՝ կյանքի հանդեպ վտանգ առաջացնող առողջական խնդիրներ ունեցող անձանց։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: