Skip to content

Սմբատաբերդ

    Սմբատաբերդ ամրոցը (10-11-րդ դդ) գտնվում է Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով: Ունի կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի: Սմբատաբերդ ամրոցի պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտի մեծ քարերով՝ կրաշաղախով, սեպի սուր ծայրը դարձրած դեպի պատը, որի հաստությունը 2—3 մետր է։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, մեկական մուտքեր էլ կան արևելյան և արևմտյան կողմերի հյուսիսային ծայրերից: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց քարի մոտի աղբյուրներից, որի ջրմուղի հետքերը որոշակի կերպով նկատվում են լեռնաշղթայի պարանոցի մասում՝ ճանապարհի եզրին: Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է:

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: