- Հեռավորությունը Երևանից` 139կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից` 16.3կմ
Սպիտակավոր վանք (Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք, 14-րդ դ) գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել է Պռոշյանների իշխանական տան անմատչելի ամրոցներից Բոլորաբերդի (կամ Պռոշաբերդ) ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն անվանակոչելու «Սպիտակավոր»։
Սպիտակավոր Սբ Աստվածածինը Վայոց ձորի կարևոր մշակութային, կրթական և հոգևոր կենտրոններից է եղել` պատմության ընթացքում դիմակայելով 15-րդ դ. թուրքմենական Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու ցեղերի ասպատակություններին, որոնք, մոնղոլական տիրապետության անկումից հետո, թալանում ու ավերում էին շրջանը։ Գլաձորի համալսարանի գործունեության դադարելուց հետո (1340-ական թթ.) Սպիտակավորը դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը, որը ծաղկում է ապրում վանահայր վարդապետ Ավագտերի օրոք:
Լենկթեմուրի արշավանքների ժամանակ Սպիտակավոր վանք վանական համալիրը թալանվել է, գավիթն ավերվել, քանդվել են պարսպապատերը և այրվել տնտեսական նշանակության կառույցները, դրանցից ոչ մեկը երբևէ չի վերակառուցվել /թեև վանքը գործել է մինչև 1604 թ. Շահ-Աբբասի կողմից հայերի բռնագաղթը։
Եկեղեցու տարածքում է գտնվում հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: