- Հեռավորությունը Երևանից՝ 138 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 16.5 կմ
Շատիվանք վանական համալիր գտնվում է Վայոց Ձորի Շատին գյուղից 4կմ արևելք` ձորամիջի բարձրադիր գոգավորության վրա: Համաձայն Ստ. Օրբելյանի վկայության` այն կառուցվել է 929թ. Բագրատունի Աբաս Ա թագավորի գահակալության շրջանում: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու այլ շինություններից, որոնք հետագա նորոգումների հետևանքով կորցրել են իրենց նախնական տեսքը: 1671-1674թթ. ընթացքում եկեղեցին վերակառուցվել է ջուղայեցի գրասեր վաճառական Մահտեսի Հակոբի ջանքերով: Շատիվանք վանական համալիրի 5 բնակելի և այլ երկհարկ շենքեր տարածված են հարավային պարսպի ողջ երկայնքով: Պարսպից դուրս են գտնվում իր կառուցման ինքնատիպությամբ աչքի ընկնող ջրաղացի ավերակները: Շատինի վանքը Վայոց ձորի երկարատև կյանք ունեցող վանքերից է: Մեծածավալ շենքերի քանակը ցույց է տալիս նրա միաբանության մեծությունը և տնտեսական հզորությունը: Ինչպես նշեցինք, եղել է Սյունիքի կրթական խոշոր կենտրոններից և XVII դարում ունեցել է 70-90 հոգանոց միաբանություն, դպրոց, գրատուն, որոնք էլ հիմք են հանդիսացել վանքի առաջնորդ տեր Սարգսի համար` կառուցելու այսպես կոչված Ծատուրի կամուրջը, որից այսօր պահպանվել է այդ յուրատիպ կառույցի ընդամենը մի մասը: Շատիվանքի համալիրը գտնվում է կիսավեր վիճակում: Ծածկի սալաքարերը թափվել ու խախտվել են, տանիքի առանձին մասեր դարձել՝ վտանգավոր: Վանքի շրջակայքում նկատելի են թափված քարեր:
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: