Նախքան Վայոց ձորի քարանձավները ներկայացնելը, տեսնենք, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում քարանձավները: Այն երկրակեղևի վերին շերտերի դատարկ տարածությունն է, որը երկրի մակերևույթ է դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով։ Հայաստանի տարածքում կան շուրջ երկու տասնյակ հայտնաբերված քարանձավներ, որոնք այս տարածաշրջանում նախկինում եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունք են։ Վայոց ձորի քարանձավները թվով ամենաշատն են Հայաստանում, նրանք նաև ամենամեծն են և պարբերաբար հայտվում են ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
Ստորև ներկայացնում ենք Վայոց ձորի քարանձավները, որոնց ցանկը սպառիչ չէ:
Արջերի քարանձավ
- Հեռավորությունը Երևանից՝ 127 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 10 կմ
Արջերի քարանձավը գտնվում է Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա՝ ծովի մակերևույթից 1655 մ բարձրության վրա: Այն Վայոց ձորի ամենամեծ քարանձավն է, ընդհանուր երկարությունը 3.5 կմ է, որը երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մ: Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալով՝ քարանձավի միջին ջերմաստիճանն է 10,2° C: Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին: Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ: Քարանձավի ներսում բազմաթիվ հսկայական դահլիճներ կան, որոնք իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով անցնել հնարավոր է միայն սողալով:
Առանց ուղեկցորդի Արջերի քարանձավ մտնելը վտանգավոր է կյանքի համար:
Մագելի քարանձավ
- Հեռավորությունը Երևանից՝ 113 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 13 կմ
Մագելի քարանձավը գտնվում է Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին։ Այն Վայոց ձորի՝ մեծությամբ երկրորդ քարանձավն է, իսկ առհասարակ Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ: Մագել անունից բացի հայտնի է Մագիլ անունով։ Կոչվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, որը 1980 թվականին որսին հետևելով գտել է քարանձավը։
Նեոլիթյան ժամանակաշրջանի քարանձավից հայտնաբերվել են քարեդարյան ոսկորներ և քարե գործիքներ, ինչպես նաև IX դարի գտածոներ: Քարե դարում ընդունված է եղել, որ քարանձավը լինի դժվարամատչելի, և մուտքը` նեղ: Մագիլի քարանձավի մուտքը նույնպես այնքան նեղ է, որ միայն մեկ մարդ կարող է անցնել այնտեղով: Հիմնական պատճառը թշնամիներից պաշտպանվելն է եղել, քանի որ այն հուսալի ապաստարան է եղել հարձակումներից թաքնվելու համար:Մագելի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր:
Մոզրովի քարանձավ
- Հեռավորությունը Երևանից՝ 127 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 10 կմ
Մոզրովի քարանձավը գտնվում է Արփի—Մոզրով ճանապարհին։ Այն Վայոց ձորի՝ մեծությամբ 3-րդ քարանձավն է, ունի 260 մ երկարություն: 1980 թվականի աշնանը ընթանում էին Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինարարները խճուխու հարակից հատվածը հարթացնելու նպատակով պայթեցնում են կրաքարի զանգվածը, որի տակ բացվում է դեպի ներքև տարածվող անցք։
Քարանձավի հայտնաբերման հաջորդ օրը Երևանից հրավիրված քարանձավագետները սկսում են նախնական ուսումնասիրությունը։ Մի քանի օրերի ընթացքում նրանք բացահայտում, հետազոտում և չափագրում են ճանապարհաշինարարների կողմից հայտնաբերված անցնքն ու հայտնաբերում միմյանց հետ կապված նոր սրահներ ու անցուղիներ։ Ըստ հետազոտող փորձագետների՝ քարանձավը համաշխարհային նշանակության բնական հուշարձան է, որն իր մեջ ունի քարանձավային գոյացությունների տարբեր դրսևորումներ։ Մոզրովի քարանձավի առաջին հետազոտող խմբի կողմից անձավի տարբեր դահլիճներ ստացել են անուններ, որոնցից է «Ջրվեժների», «Անդունդի», «Եղևնու», «Տիկնիկների», «Կակտուսների», «Սպիտակ Մարջանների», «Կարմիր շիթաքարերի» դահլիճները։
Արենի քարանձավ
- Հեռավորությունը Երևանից՝ 111 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 11 կմ
Արենի քարանձավ (Արենի 1 քարանձավ), գտնվում է Արենի գետի ձախ ափին։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի (լատ.՝ Homo erectus) հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։
Սիմոնի Զաղա քարանձավ
- Հեռավորությունը Երևանից՝ 140 կմ
- Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 18 կմ
Սիմոնի Զաղա անվանմամբ քարանձավը քչերին է հայտնի, ունի 200մ երկարություն, գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերի մոտակայքում։ Հայտնաբերվել է ԽՍՀՄ տարիներին և դուրս մնացել ուշադրությունից։ Սիմոնի Զաղա քարանձավում կան բազմաթիվ գեղեցիկ գոյացություններ՝ բյուրեղներ, ստալակտիտներ, սյուներ, ինչպես նաև՝ ջուր, ինչը վկայում է, որ այն դեռ գործում է։
Անվտանգության կանոններ
Քարանձավում հանդիպում են բարդ արահետներ, նեղ սողանցքներ, որոնք կարիք ունեն հաղթահարման, ինչպես նաև հանդիպում են բազմատեսակ բյուրեղներ և գոյացություններ, որոնց ոչ մի դեպքում չի կարելի դիպչել, առավել ևս պոկել և դուրս բերել, քանի որ կարճ ժամանակում այլ միջավայրում դրանք ուղղակի խամրում են։ Այդ պատճառով քարանձավ մուտք գործելիս պետք է կրել կտորից ձեռնոցներ, քանի որ ձեռքերի յուղի շերտը կարող է վնասել բյուրեղները։ Պարտադիր պայմաններից են նաև սաղավարտն ու լապտերը։ Արգելվում է այցելել քարանձավ միայնակ, ինչպես նաև արգելվում է մասնակցել կլաուստրաֆոբիա, ասթմա, էպիլեպսիա և փակ տարածությունում այլ՝ կյանքի հանդեպ վտանգ առաջացնող առողջական խնդիրներ ունեցող անձանց։
Հայաստանում քարանձավների ուսումնասիրմամբ զբաղվում է Arm Speleo Team քարանձավախուզական թիմը, որը 2019 թ․-ին այցելելում և հետազոտում է տարածաշրջանի հայտնի և անհայտ քարանձավները։
Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: