Skip to content

Նորավանք

    • Հեռավորությունը Երևանից 125կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 18.5կմ

    Նորավանք ՝ Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձան, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանք եկեղեցին հիմնադրել է Վահանավանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թվականին այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

    1238 թվականին վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն, Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվել, որը հնարավորություն է ընձեռել վերակառուցելու վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև ԼենկԹեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։

    Նորավանք վանական համալիրը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: