Skip to content

Վայոց ձոր, 15 ուղղություն, որոնք պետք է տեսնել

    Վայոց Ձոր, Հայաստանի՝ տարածքով ամենափոքր, սակայն տեսարժան վայրերի քանակով ու բազմազանությամբ ամենահարուստ մարզը: Այստեղ մեկտեղվել են միայն այս մարզին հատուկ կոնտրաստային բնապատկերները և հարուստ պատմական հուշարձաններ:

    Այս հոդվածում կներկայացնենք 15 գեղեցիկ ուղղությունները, որ կարող եք գնալ Վայոց ձորում:

    Ագարակաձորի կամուրջ (Սուր կամուրջ)

    Ագարակաձորի կամուրջը (անվանում են նաև Սուր կամուրջ, Դադալի կամուրջ) գտնվում է Արփա գետի վրա: Բավականին մատչելի է թեթև քայլարշավների սիրահարների համար

    Կառուցվել է 13-րդ դարում: Միակամար է, կրաշաղախ, սրբատաշ, բաց գույնի քարով շարված: Այն գործել է մինչև 1970-ական թվականները, որն իր հուսալիությամբ անցանելի է եղել բեռնատար ավտոմեքենաների համար: 

    Արենի քարանձավ

    • Հեռավորությունը Երևանից՝ 111կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 11կմ

    Արենի 1 քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը և աշխարհի առաջին գինեգործարանը, հայտնաբերվել է նաև մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ։

    Քարանձավը մուտքավճարով է, որտեղ կարող եք օգտվել նաև գիդի ծառայություններից:

    Բեզոարյան այծերի դիտակետ շատինում

    • Հեռավորությունը Երևանից՝ 132 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 11կմ

    Այս գեղեցիկ կենդանիներին կարող եք տեսնել Վայոց ձորի լեռնային շատ վայրերում, իսկ ահա Շատին գյուղում հատուկ կառուցվել է դիտակետ, որտեղից կարող եք դիտել բեզոարյան այծերին: Երեկոյան ժամերին բեզոարյան այծերն անցնում են դիտակետի դիմացով: Եթե բախտ վիճակվի, կարող եք տեսնել այս կենդանիների ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի խմբեր:

    Արենի գյուղ և Արենիի Սելավապահ պատնեշ

    • Հեռավորությունը Երևանից՝ 112 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 15 կմ

    Արենի գյուղը գինեսերների ամենասիրված գյուղերից է, այստեղ բազմաթիվ ընտանիքներ կան, ովքեր արտադրում են իրենց սեփական գինին: Այստեղ կարող եք համտեսել համեղ գինիներ և այցելել Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321թ): Հետաքրքիր կառույց է նաև  գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող սելավապաշտպան պատնեշը: Այն կառուցվել է խորհրդային տարիներին՝ նպատակ ունենալով պաշտպանել գյուղը լեռներից եկող սելավներից:

    Սպիտակավոր վանք

    • Հեռավորությունը Երևանից՝ 139կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 16.3կմ

    Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը (14-րդ դ) գտնվում է Վայոց ձոր մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել է Պռոշյանների իշխանական տան անմատչելի ամրոցներից Բոլորաբերդի (կամ Պռոշաբերդ) ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն անվանակոչելու «Սպիտակավոր»։

    Վանք կարող եք հասնել կամ ամենագնաց մեքենայով, կամ ոտքով:

    Շատիվանք

    • Հեռավորությունը Երևանից՝ 138 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 16.6կմ

    Շատիվանք կամ Շատիկ անապատ, Շատին վանք, ահա այս անուններով է հայտնի Վայոց Ձոր մարզի Շատին գյուղից 4կմ արևելք գտնվող վանքը: Վանքը կառուցել են 922թ. Աբաս Ա Բագրատունի թագավորի, Սյունյաց իշխան Սմբատի և Հակոբ եպիսկոպոսի օրոք: 

     

    Նորավանք

    • Հեռավորությունը Երևանից՝ 125 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 18.5կմ

    Նորավանքը ոչ միայն Վայոց ձոր մարզի, այլ նաև ամբողջ Հայաստանում ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից է: Այն Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։

    Նրանք, ովքեր սիրում են քայլել, ուղեկցորդի միջոցով Նորավանք կարող են հասնել Գնիշիկ պահպանվող տարածքով, որը գտնվում է Նորավանքի կիրճի բարձրադիր գոտում:

    Զորաց եկեղեցի

    • Հեռավորությունը Երևանից՝ 139 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 18.6կմ

    Զորաց եկեղեցին կառուցվել է 1303թ.-ին, գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Հայաստանում նման ճարտարապետական կառույց չի պահպանվել։ Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն ստանային։

    Եկեղեցի կարելի է հասնել մեքենայով, իսկ թեթև քայլարշավների սիրահարների համար այն հիանալի ուղղություն է:

    Ցախաց քարի վանք

    • Հեռավորությունը Երևանից՝ 143 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 20.7կմ

    Այս վանք այցելությունը հիմնականում համատեղում են Սմբատաբերդի հետ: Ցախաց Քարը կառուցվել է 10-րդ դարում, եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նկարչություն և կա վարկած անվան ընտրության հետ կապ ունի ծաղկած քար անվան հետ։ 

    Սմբատաբերդ

    • Հեռավորությունը Երևանից՝ 143 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 21կմ

    Եթե եկել եք Վայոց ձոր, անպայման այցելեք Սմբատաբերդը (10-11-րդ դդ): Այն գտնվում է Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց քարի մոտի աղբյուրներից: Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Սմբատաբերդ կարող եք հասնել ամենագնաց մեքենայով, իսկ քայլարշավի սիրահարները կարող են իրենց քայլքը սկսել Արտաբույնք գյուղից և գեղեցիկ բնապատկերների ուղեկցությամբ հասնել միջնադարյան այս հսկային:

    Վայոցսար լեռ

    • Հեռավորությունը Երևանից՝ 144 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 22.6 կմ

    Վայոցսար լեռը (2581մ) գտնվում է Հերհեր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Այն հանգած հրաբխային լեռնազանգված է, գագաթին ունի հրաբխային խառնարան։ Լեռն իր յուրահատուկ տեսքի շնորհիվ Հայաստանի լեռնագնացների ամենասիրված ուղղություններից մեկն է, քանի որ գոգավորություններն ու խառնարանը այնպես համաչափ են, որ կարծես գծված լինեն մարդու կողմից։

    Լեռան ստորոտ կարող եք հասնել ամենագնաց մեքենայով, իսկ քայլարշավի սիրահարները կարող են սկսել քայլքը Հերհեր գյուղից:

    Վարդաբլուր լեռ (Գայլի ականջներ)

    • Հեռավորությունը Երևանի՝ց 142 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 24կմ

    Վարդաբլուր լեռը հայտնի է նաև Գայլի ականջներ անվանումով: Մինչև լեռան ստորոտը կան ճանապարհներ, որտեղ կարելի է հասնել մեքենաներով (նպատակահարմար է ամենագնաց), իսկ գյուղերից վերելքը սկսկելու դեպքում նպատակահարմար է քայլել Զեդեա գյուղից, քանի որ գյուղից լեռան գագաթ հեռավորությունը կազմում է 4,82 կմ, իսկ Ագարակաձոր գյուղից`12,68կմ: 

     

    Օրբելյանների իջևանատուն

    • Հեռավորությունը Երևանից՝ 152.8կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 30.8կմ

    Օրբելյանների իջևանատունը գտնվում է Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին` Վարդենյանց լեռնանցքում՝ ծովի մակերևույթից 2410մ բարձրության վրա։ Կառուցվել է 1332 թվականին: Ծառայել է որպես իջևանատուն Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։ 

    Արտավանի լիճ

    • Հեռավորությունը Երևանից՝ 160 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 37.5 կմ

    Արտավանի լիճը գտնվում է Արտավան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Վերևից նայելիս շատ նման է աշխարհի քարտեզին: 

    Ջրահարսի վարսեր ջրվեժ

    • Հեռավորությունը Երևանից՝ 173 կմ
    • Հեռավորությունը Քրոսվեյ քեմփինգից՝ 51 կմ

    Ջրահարսի վարսեր ջրվեժը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Այն ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում, որտեղից էլ առաջացել է իր անվանումը:

    Ջերմուկում այցելքե նաև Ջերմուկի հանքային ջրերի ըմպելասրահ, հայդուկների արձաններով մոտակա այգի և Ջերմուկի պատկերասրահ։

     

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը:

    Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է campinginarmenia.com կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: