Skip to content

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի

    Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա։

    Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։

    Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։

    Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկի» հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական՝ ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։

    Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը՝ հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները։

    Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, իսկ շուրջը՝ XIV–XVII դդ խաչքարեր և տապանաքարեր։

    Վայոց ձորի այլ տեսարժան վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վայոց ձորի տեսարժան վայրերը: